Ովքե՞ր են հանդիսանում ըստ օրենքի ժառանգները
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1190 հոդվածի՝ ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության օրոք սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:
Ըստ կտակի ժառանգն այն անձն է, որին կտակով պետք է հանձնվի ժառանգության ամբողջ զանգվածը կամ կտակով նշված մասը: Այս առումով ըստ կտակի ժառանգի սահմանման հետ կապված խնդիր չի առաջանում:
Ժառանգատուի կտակի բացակայության դեպքում հանդես են գալիս Ըստ օրենքի ժառանգները, որոնց մասին և խոսվում է ստորև:
ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը ըստ օրենքի ժառանգներին բաժանել է չորս խմբի ` ըստ նրանց ժառանգման հրավիրելու հեթի և հիմք ընդունելով ժառանգատուի հետ նրանց ունեցած ազգակցական կապը:
Օրենքով սահմանված չորս հերթի ժառանգների խմբերից յուրաքանչյուր խումբ ժառանգության հրավիրվում է միայն իրեն նախորդող հերթում նշված ժառանգների բացակայության դեպքում:
Համաձայն ՀՀ քաղ. օր.-ի 1216 հոդվածի՝ առաջին հերթի ժառանգներ են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:
Այն դեպքում, երբ առաջին հերթի ժառանգներից և ոչ մեկը կենդանի չէ, կամ այն դեպքում, երբ այդպիսիք կան, սակայն ժառանգատուն իր կտակով զրկել է այս կամ այն ժառանգին, կամ եթե ժառանգներն իրենք են հրաժարվել գույքը ժառանգելուց, կամ եթե այդպիսիք ճանաչված են անարժան ժառանգ, ապա ժառանգության են հրավիրվում երկրորդ հերթի ժառանգները:
Երկրորդ հերթի ժառանգներ են` ժառանգատուի հարազատ քույրերն ու եղբայրները (Քաղ. օր. 1217 հոդվ.):
Երկրորդ հերթի ժառանգների հարցում ուշադրության է արժանի այն, որ օրենքը նկատի ունի միայն ժառանգատուի հարազատ քույրերին և եղբայրներին:
Հարազատ են համարվում այն քույրերն ու եղբայրները, որոնք սերված են նույն հորից և նույն մորից: Համահայր (նույն հորից, սական տարբեր մայրերից սերված) և համամայր (նույն մորից, բայց տարբեր հայրերից սերված) քույրերն ու եղբայրները օրենքի իմաստով, երկրորդ հերթի ժառանգներ չեն համարվում եթե խորթ հոր կամ խորթ մոր կողմից չեն որդեգրվել: Համաձայն ՀՀ քաղ. օր. 1223 հոդվածի` ըստ օրենքի ժառանգության դեպքում որդեգրվածն ու նրա երեխաները մի կողմից, և որդեգրողն ու նրա ազգականները մյուս կողմից հավասարեցվում են ըստ ծագման ազգականներին / արյունակից ազգականներ/:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1218 հոդվածի` երրորդ հերթի ժառանգներ են հանդիսանում ժառանգատուի ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի տատը և պապը: Ընդ որում նշանակություն չունի նշված անձանց աշխատունակության աստիճանը, նյութական վիճակը, ժառանգատուի հետ համատեղ ապրելու հանգամանքը և այլն:
1 2