Ու՞մ վրա է դրված ժառանգության բացման մասին ժառանգներին տեղյակ պահելու պարտականությունը
Ելնելով այն իրողությունից, որ Ժառանգության բացման հանգամանքը պայմանավորվում է ժառանգատուի մահով, և նրա մահվան մասին առաջին հերթին տեղեկանում են նրա հարազատները և մերձավոր ազգականները, որոնք նաև այնուհետև հանդես են գալիս որպես ժառանգներ, օրենսդիրը ժառանգության բացման մասին ժառանգներին փնտրելու և տեղեկացնելու պարտավորություն նոտարի համար չի նախատեսել: Օրենքի իմաստով, ժառանգատուի մահվան մասին նոտարը տեղեկանում է ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգի դիմումի հիման վրա միայն, քաղաքացու մահը գրանցող մարմնից նոտարը նախնական տեղեկություն չի ստանում:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63 հոդվածի համաձայն, մինչև ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալը, նոտարը պարզում է նաև ժառանգությունում պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձանց շրջանակը` նախազգուշացնելով ըստ կտակի ժառանգներին օրինական ժառանգների գոյությունը թաքցնելու պատասխանատվության մասին:
Փաստորեն, հոդվածի իմաստից հետևում է, որ միայն ըստ կտակի ժառանգն է պարտավոր հայտնել օրինական ժառանգների մասին, ինչը կարող է վերաբերել միայն ժառանգության պարտադիր բաժին ունեցող ժառանգների մասին տեղեկությանը:
Նոտարի համար Քաղ. օր. 1239 հոդվածով նախատեսված է մեկ ուրիշ պարտավորություն` ժառանգատուի պարտատերերին տեղեկացնելու նպատակով ժառանգության բացման մասին և հաղորդագրության հրապարակումից հետո վեց ամսվա ընթացքում ժառանգատուի նկատմամբ իրենց պահանջները նոտարին ներկայացնելու անհրաժեշտության մասին մամուլում հաղորդում տալու պարտականություն:
Նոտարի կողմից մամուլում այսպիսի հաղորդում տալը կարող է դիտվել նաև որպես տեղեկացում բացակա ժառանգներին:
Բացակայող ժառանգներին ժառանգության բացման մասին տեղեկացնելու առումով կարևոր էր «Պետական նոտարիատի մասին» 1974թ ՀԽՍՀ օրենքի 43 հոդվածը, որով մի շարք պետական և ոչ պետական մարմինների (պետական հիմնարկները, ձեռնարկությունները և կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները, որտեղ աշխատել կամ սովորել են մահացածները, ինչպես նաև տնային կառավարիչները, բնակարանային-շահագործման գրասենյակները և այլն) պարտավորեցրել է պետական նոտարական գրասենյակներին կամ կառավարման մարմիններին հաղորդել ոչ միայն այն մահացածներից հետո մնացած գույքի առկայության մասին, որոնց ժառանգները բացակայում են, այլև հաղորդել ենթադրյալ ժառանգների բնակության կամ աշխատանքի վայրի մասին իրենց հայտնի տվյալները:
Բացի դա, «Պետական նոտարիատի մասին» ՀՀ օրենքը պետական նոտարին պարտավորեցնում էր բացված ժառանգության վերաբերյալ հաղորդում ստանալով, այդ մասին տեղյակ պահել այն ժառանգներին, որոնց բնակության կամ աշխատանքի վայրը հայտնի է իրեն:
Գործող օրենսդության կապակցությամբ արձանագրում ենք այն փաստը, որ ժառանգության բացման մասին բացակայող ժառանգներին փնտերելու և տեղեկացնելու կարգ չի սահմանված: