Ովքե՞ր են անարժան ժառանգները
Անձին ժռանգությունից մեկուսացնելու, այսինքն՝ ժառանգման իրավունքից ժառանգին զրկելու հիմքերն ու պայմանները սահմանված են ՀՀ Քաղ. օր-ի 1191 հոդվածով, համաձայն որի..
«1. Ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգությունից մեկուսացվում այն անձինք, ովքեր
• դիտավորյալ խոչընդոտել են ժառանգատուի վերջին կամքի իրականացմանը,
• դիտավորյալ կյանքից զրկել են ժառանգատուին կամ հնարավոր ժառանգներից որևէ մեկին,
• մահափորձ են կատարել ժառանգատուի կամ հնարավոր ժառանգներից որևէ մեկի նկատմամբ:
Բացառություն են կազմում այն անձինք, որոնց նկատմամբ ժառանգատուն կտակը կազմել է մահափորձ կատարելուց հետո:
2. Ըստ օրենքի ժառանգման դեպքում, ժառանգությունից մեկուսացվում են ծնողական իրավունքներից զրկված ծնողները, որոնց ծնողական իրավունքները չեն վերականգնվել ժառանգությունը բացվելու ժամանակ»:
Ժառանգությունից մեկուսացնելու սույն կանոնները տարածվում են նաև ժառանգության նկատմամբ պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների նկատմամբ:
Անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնել հնարավոր է միայն, եթե այդ կապակցությամբ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը և (կամ) վճիռը: Այս կամ այն անձին դատական կարգով անարժան ժառանգ ճանաչելու և ժառանգությունից մեկուսացնելու համար դատարան դիմելու իրավունք ունեն այն անձինք, որոնց համար նման մեկուսացումն առաջացնում է ժառանգության հետ կապված գույքային հետևանքներ (օրինակ՝ ժառանգներից մեկը կամ բոլորը միասին):
Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքի սեփականատեր համարվող ժառանգատուն իրավունք ունի ազատ և անարգել տնօրինելու իրեն պատկանող գույքը և օգտվելու կտակի ազատության սկզբունքից, օրենքը սահմանել է, որ նույնիսկ եթե ժառանգ համարվող անձը ժառանգատուի կամ ժառանգների նկատմամբ իրականացրել է վերը նշված բռնությունները, նրանք չեն զրկվում գույքը ժառանգելու իրենց իրավունքից, եթե ժառանգատուն կտակը կազմել է մահափորձ անելուց հետո: Ասվածից հետևում է, որ եթե նույնիսկ անձը կատարել է վերը շարադրված արարքներից որևէ մեկը, սակայն այնուամենայնիվ ժառանգատուն որոշել է անտեսել այդ հանգամանքը և իր գույքը կտակել տվյալ անձին, ապա տվյալ ժառանգը չի մեկուսացվի ժառանգությունից և կժառանգի ժառանգության ընդհանուր կանոններով: