Որո՞նք են կտակի տեսակները
ՀՀ Քաղաքացիական օրենսդրությունը նախատեսում կտակի հետևյալ տեսակները՝
1. Սովորական կտակ, երբ կտակարարը դիմում է նոտարական գրասենյակ և արտահայտում կտակ կազմելու վերաբերյալ իր ցանկությունը: Կտակը կազմվում է հենց նոտարի ներկայությամբ, ով էլ պարզաբանում է կտակարարին կտակ կազմելու հետևանքները, տեղեկացնում պարտադիր բաժնի և այլ իրավունքների մասին: Սովորական կտակի ժամանակ կտակարարը կտակում նշված անձի կողմից իր գույքը ժառանգելու իրավունքը չի պայմանավորում որոշակի գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ:
2. Պայմանով կտակ, երբ կտակարարը կոնկրետ անձի կողմից ժառանգություն ստանալը պայմանավորում է նրա կողմից որոշակի վարքագծի դրսևորմամբ: Ընդ որում, կտակարարի կողմից կարող են սահմանվել միայն օրինական պահանջներ: Այսինքն՝ նման կտակներում ժառանգ նշանակելու, կամ ժառանգման իրավունքից զրկելու վերաբերյալ ներառված ապօրինի պայմանները պետք է անվավեր համարվեն: Իսկ եթե կտակում ներառվել է այնպիսի պայման, որը թեև օրինական է, սակայն ժառանգը չի կարող կատարել իր առողջական վիճակի կամ օբյեկտիվ այլ հանգամանքների պատճառով, ապա նման պայմանը ժառանգի հայցով անվավեր է ճանաչվում դատական կարգով:
3. Փակ կտակ, երբ կտակարարն այն կազմում է միայնակ, իսկ նոտարն էլ վավերացնում է այն՝ առանց ծանոթանալու դրա բովանդակությանը: Փակ կտակը կազմվում է հետևյալ կերպ.
Կտակարաը անձամբ գրում է կտակը, դնում այն ծրարի մեջ, սոսնձում ծրարը, որից հետո այն հանձնում էնոտարին՝ երկու վկայի ներկայությամբ, որոնք էլ ծրարի վրա դնում են իրենց ստորագրությունները: Վկաների ստորագրած ծրարը նոտարը նրանց ներկայությամբ տեղադրում է մեկ այլ ծրարում, փակում (սոսնձում) է այն և վրան կատարում վավերացնող մակագրություն:
Նոտարը, կտակարարից ստանալով կտակով ծրարը, պարտավոր է կտակարարին պարզաբանել ժառանգության պարտադիր բաժնի իրավունքի էությունը՝ այդ մասին ծրարի վրա նշում կատարելով վկաների ստորագրությունից առաջ: Սույն կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերությանը, որի մասին նոտարը պարտավոր է նախազգուշացնել կտակարարին:
Ցանկացած պարագայում կտակի ձևի ընտրությունը թողնված է կտակարարի հայեցողությանը: