Որո՞նք են ժառանգության բացման տեղը և ժամանակը
Ժառանգության բացում ասելով պետք է հասկանալ ժառանգության իրավահարաբերության մեկնարկը, որը վրա է հասնում որոշակի իրավաբանական փաստերի առկայության դեպքում, այն է՝ քաղաքացու մահը, կամ դատական կարգով նրան մահացած ճանաչելը:
Ժառանգության բացման պահ է համարվում քաղաքացու մահվան օրը, իսկ այն դեպքում, երբ նա մահացած է ճանաչվել դատական կարգով, ապա դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում: Այդ պահից է, որ ժառանգներն իրավունք ունեն դիմելու ժառանգության բացման վայրի նոտարին ժառանգության ընդուման կամ ժառանգական վկայագիր ստանալու համար:
Ժառանգությունը ընդունելու կամ ժառանգության վկայագիր ստանալու համար նոտարին դիմելը պետք է իրականացվի վեց ամսվա ընթացքում` հաշված Ժառանգության բացման պահից: Այդ վեց ամիսն այն ժամկետն է, որի ընթացքում ժառանգությունն ընդունել ցանկացող ժառանգները պարտավոր են նոտարին հայտնել ժառանգությունն ընդունելու կամ ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու իրենց կամքը:
Առանց հարգելի պատճառի, վեց ամսվա ընթացքում ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական վկայագիր ստանալու համար նոտարին չդիմած ժառանգը հավասարեցվում է ժառանգությունից հրաժարված ժառանգին:
Վեց ամիս սահմանված է նաև այն նպատակով, որպեսզի բոլոր հնարավոր ժառանգները հնարավորություն ունենան տեղեկանալու ժառանգության բացմանը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1189 հոդվածի 1-ին մասի՝ ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է: Իսկ եթե ժառանգատուի բնակության վերջին վայրն արտասահմանում է կամ անհայտ է, ապա ժառանգության բացման վայր է համարվում ժառանգության զանգվածի մեջ մտնող անշարժ գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի, իսկ անշարժ գույքի բացակայության դեպքում՝ շարժական գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի գտնվելու վայրը: