menu
person
Ո՞վ է կտակակատարը և ո՞րն է նրա դերը ժառանգության հարաբերություններում


Ժառանգատուի մահից հետո, երբ բացվում է ժառանգությունը, անհրաժեշտություն է առաջանում միջոցներ ձեռնարկել կտակի պահանջները կատարելու ուղղությամբ: Կտակի կատարումն, ըստ էության, նշանակում է ժառանգական գույքը ժառանգատուի (կտակարարի)՝ կտակում նշված պահանջներին համապատասխան տնօրինելը: Սակայն, հաճախ, ժառանգական գույքը կտակում նշված ձևով տնօրինելը (բաշխելը) դեռևաս բավարար պայման չէ, որպեսզի կտակը համարվի կատարված: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն դեպքերին, երբ կտակարարը ժառանգի (կամ ժառանգների) համար կտակով սահմանում է պարտավորություն իր մահից հետո կատարելու այս կամ այն գործողությունը: Եվ քանի դեռ կտակում նշված կտակարարի պահանջներն ամբողջությամբ կատարված չեն, կտակը կատարված համարել չի կարելի: Քանի որ օրենքը որևէ մեկին ի սկզբանե չի պարտավորեցրել կազմակերպելու կտակի կատարումը կամ հսկողություն իրականացնելու դրա նկատմամբ, ուստի սահմանել է, որ ելնելով կտակի անվերապահ կատարման ապահովությունից, կատակարարը կտակում կարող է նշել այնպիսի մեկին, որը և իր մահից հետո կզբաղվի կտակի պահանջների անշեղ կատարմամբ:
Կտակարարի կողմից կտակում նշված անձը, որին և հանձնարարվում է կատարել կտակը, կոչվում է կտակակատար :
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1212 հոդվածում հաստակ սահմանված է կտկակատարի պարտավորությունների շրջանակը: Համաձայն այդ հոդվածի` կտակակատարի իրավունքներն ու պարտականություններն են`
1. միջոցներ ձեռնարկել ժառանգության պահպանման և կառավարման համար,
2. բոլոր ժառանգներին և շահառուներին տեղեկացնել ժառանգության բացման ու նրանց օգտին կտակային հանձնարարությունների մասին,
3. ստանալ ժառանգատուին հասանելիք գումարները և այլ գույքը,
4. օրենքով սահմանված հերթականությամբ մարել ժառանգության հետ կապված պարտքերը,
5. կտակարարն իրավունք ունի իր անունից վարել ժառանգությունը պահպանելու, կառավարելու ու կտակը կատարելու հետ կապված դատական և այլ գործեր,
6. կտակարարն իր գործողություններն իրականացնում է այն ժամկետում, որն անհրաժեշտ է ժառանգատուին հասանելիք գումարները բռնագանձելու, ժառանգատուի պարտքերը մարելու, և ժառանգությունը բոլոր ժառանգների կողմից տիրապետելու համար,
7. կտակակատարը ժառանգների պահանջով պարտավոր է հաշվետվություն ներկայացնել կտակը կատարելու մասին:
Ընդ որում, ժառանգատուն կարող է կտակակատար նշանակել միայն տվյալ անձի համաձայնության առկայության դեպքում: Նման համաձայնությունը կարող է արտահայտվել ինչպես կտակի վրա համապատասխան մակագրություն կատարելու, այնպես էլ առանձին գրավոր համաձայնություն տալով, ինչը կցվում է կտակին: Քանի որ կտակակատարի իր պարտավորություններ տվյալ անձը ստանձնում է կամավոր հիմունքներով, ուստի և ցանկացած պահի կարող է հրաժարվել իր պարտավորությունների կատարումից՝ այդ մասին նախապես տեղեկացնելով ըստ կտակի ժառանգներին:
Պետք է նկատի ունենալ մեկ կարևոր հանգամանք ևս՝ կտակակատարը ժառանգությունը պահպանելու, այն կառավարելու և կտակը կատարելու հետևանքով կրած անհրաժեշտ ծախսերի համար ժառանգության հաշվին հատուցում, ինչպես նաև վարձատրություն ստանալու իրավունք ունի: Կտակում կարող է նախատեսվել կտակակատարի վարձատրությունը ժառանգության հաշվին:
Այն դեպքում, երբ կտակակատարը չի կատարում իր պարտավորությունները, կամ դրանք կատարում է ոչ պատշաճ ձևով, կամ ընդհանրապես կորցրել է իր վստահությունը ժառանգների մոտ, ապա ժառանգների դիմումի հիման վրա, դատարանի վճռով նրանք կարող են կտակակատարին ազատել իր պարտականությունից:
{ top: 0 !important; } .skiptranslate { display: none; height: 0; } .language__img { cursor: pointer; }