menu
person
Ո՞րն է ժառանգության տրանսմիսիայի և ներկայացման իրավունքով գույքը ժառանգելու տարբերությունը


Գործնականում շատ կարևոր է հստակ սահմանազատել, թե ո՞ր դեպքում է գույքի ժառանգումը տեղի ունենում ժառանգության տրանսմիսիայի և որ դեպքում՝ ներկայացման իրավունքով ժառանգելու կանոններով:
• Ներկայացման իրավունքով ժառանգումը տեղի է ունենում միայն ըստ օրենքի ժառանգման դեպքում, իսկ ժառանգության տրանսմիսիայի կանոնները կիրառվում են ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգման դեպքում:
• Ներկայացման իրավունքով ժառանգման դեպքում ժառանգը պետք է մահացած լինի նախքան ժառանգատուի մահանալը, այսինքն՝ ժառանգության բացման պահին օրենքի ուժով ժառանգելու իրավունք ունեցող անձը պետք է մահացած լինի, իսկ տրանսմիսիայի դեպքում ժառանգը մահանում է ժառանգատուի մահից հետո, և նրա կողմից վեցամսյա ժամկետում ժառանգությունը ընդունել չհասցնելու պատճառով է, որ նրա ժառանգելու իրավունքը փոխանցվում է իր ժառանգներին:
• օրենքով սահմանափակված է այն անձանց շրջանակը, ովքեր ներկայացման իրավունքով ժառանգելու իրավունք ունեն (դրանք են ժառանգատուի թոռները, ժառանգատուի քույրերի ու եղբայրների զավակները, ժառանգատուի հորաքույրների, մորաքույրների, հորեղբայրների, մորեղբայրների զավակները), մինչդեռ տրանսմիսիայի դեպքում ցանկացած պարագայում ժառանգում են նրա ժառանգները, ընդհուպ մինչև չորրորդ հերթի ժառանգները, եթե բացակայում են առաջին երեք հերթի բոլոր ժառանգները:
• Ներկայացման իրավունքով ժառանգելու դեպքում անձը ժառանգած գույքի սահմաններում պատասխանատվություն չի կրում այն անձի պարտավորությունների համար, ում փոխարեն ինքը ժառանգել է, նա ստացված գույքի սահմաններում պարտասխանատվություն է կրում միայն այն անձի պարտավորությունների համար, ումից գույքը ժառանգել է:
Բացատրենք օրինակով:
Քաղաքացի Կարապետյանն ունի կին և մեկ որդի: Նախքան Կարապետյանի մահը, ավտովթարից մահանում է նրա որդին, որն ամուսնացած էր և ուներ քսանամյա դուստր՝ Սաթենիկը: Համաձայն ՀՀ Քաղ. օր-ի 1216 հոդվածի՝ առաջին հերթի ժառանգներ են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ինչպես տեսնում ենք, Կարապետյանի կինը հանդիսանում է առաջին հերթի ժառանգ: Նույն հոդվածի ուժով ներկայացման իրավունքով առաջին հերթի ժառանգ է հանդիսանում նաև նրա մահացած որդու դուստրը: Տվյալ պարագայում Կարապետյանի թոռը ժառանգում է նրա մահացած հոր փոխարեն (ստանում է ժառանգական գույքի 1/2 մասը) և, փաստորեն, ժառանգությամբ նրան անցած գույքի սահմաններում Սաթենիկը պարտավորություն է կրում միայն ժառանգատուի (իր պապի) պարտավորությունների համար: Տվյալ պարագայում Սաթենիկը իր հոր կենդանության օրոք ունեցած պարտավորությունների համար պատասխանատվություն չի կրում:
Այժմ նույն օրինակով բացատրենք, թե ինչ իրավական հետևանքներ կառաջանային, եթե ժառանգումը կատարվեր ժառանգական տրանսմիսիայի կարգով:
Ժառանգական տրանսմիսիայի կանոնները կկիրառվեին, եթե քաղաքացի Կարապետյանի որդին ավտովթարի ենթարկվեր և մահանար Կարապետյանի մահից հետո՝ նախքան վեցամսյա ժամկետում ժառանգությունն ընդունելը: Տվյալ դեպքում, ժառանգությունը ընդունել չհասցրած Կարապետյանի որդու բաժինը ժառանգելու իրավունք են ստանում ոչ միայն որդու դուստրը, այլև ըստ օրենքի ժառանգ հանդիսացող նրա կինը և մայրը: Տվյալ օրինակում, Կարապետյանին պատկանող ժառանգական գույքի բաժինը ժառանգելու իրավունք է ստանում Կարապետյանի կինը (որպես նրա առաջին հերթի ժառանգ), իսկ առաջին հերթի ժառանգ հանդիսացող նրա ավագ որդու բաժինը, որը դարձյալ կազմում է , տրանսմիսիայի կիրառմամբ ժառանգելու իրավունք են ձեռք բերում ավտովթարից մահացած որդու առաջին հերթի ժառանգները (դուստրը՝ Սաթենիկը, կինը և մայրը): Արդյունքում Ժառանգատու Կարապետյանի կինը որպես նրա առաջին հերթի ժառանգ ստանում է իր 1/2 բաժինը, նաև մահացած որդու բաժնի 1/3-ը:
Հարկ է նշել մի կարևոր հանգամանք ևս, որ Կարապետյանի մահացած որդու ժառանգները իրենց ձեռք բերված գույքի սահմաններում պարտավորություն են կրում ոչ միայն Կարապետյանի, այլև նրա որդու պարտավորությունների համար:
Ինչպես տեսնում ենք, երկու օրինակներում փոփոխվում են.
1.ժառանգների շրջանակը (առաջին դեպքում ժառանգելու իրավունք ունեին միայն Կարապետյանի կինը և թոռը, երկրորդ դեպքում դրանց շրջանակը մեծանում է՝ Կարապետյանի կինը, որդու կինը, որդու դուստրը),
2.ժառանգների մասնաբաժինը (առաջին դեպքում Կարապետյանի կինը և թոռը ժառանգում էին հավասար չափերով՝ զ-ով, իսկ երկրորդ դեպքում՝ մեծանում է Կարապետյանի կնոջ մասնաբաժինը, փոքրանում նրա թոռան բաժինը, և Կարապետյանի գույքի 1/3-ի չափով էլ ժառանգելու իրավունք է ձեռք բերում Կարապետյանի հարսը):
3. Ժառանգատուի պարտականությունների ծավալը (առաջին դեպքում Կարապետյանի թոռը պապից ստացված գույքի արժեքի սահմաններում պատասխանատվություն է կրում միայն Կարապետյանի պարտավորությունների համար, երկրորդ դեպքում Կարապետյանի մահացած որդու բաժինը ժառանգած նրա մայրը, կինը, դուստրը պատասխանատվություն են կրում ոչ միայն Կարապետյանի, այլև այն անձի պարտավորությունների համար (Կարապետյանի մահացած որդու), ում ժառանգության իրավունքը իրենց է փոխանցվել:
{ top: 0 !important; } .skiptranslate { display: none; height: 0; } .language__img { cursor: pointer; }