Ժառանգության գույքը նախքան ժառանգների միջև բաժանելը ի՞նչ հերթականությամբ են հատուցվում ժառանգության հետ կապված ծախսերը
Ժառանգատուի մահից հետո բացվում է ժառանգությունը, ինչը նշանակում է, որ նոտարական գրասենյակ են դիմում ինչպես ժառանգները ժառանգությունը ընդունելու համար, այնպես էլ ժառանգատուի պարտատերերը՝ իրենց պահանջները ներկայացնելու համար: Ինչպես արդեն նշվել է, ժառանգատուի պարտատերերի պահանջները բավարարվում են ժառանգական գույքի արժեքի սահմաններում և դրա հաշվին:
Բացի այդ, ժառանգական գույքի հաշվին են հատուցվում նաև ժառանգական գույքի պահպանման և կառավարման հետ կապված ծախսերը: Եվ որպեսզի ժառանգների միջև ավելորդ վեճ և տարաձայնություն չծագի, ապա օրենքը նախատեսել է վճարման ենթակա բոլոր ծախսերը և գույքային պահանջները ժառանգական գույքի հաշվից ենթակա են բավարարման նախքան ժառանգների միջև գույքը բաժանելը: Հնարավոր տարաձայնություններից խուսափելու համար օրենքը նաև նախատեսել է, թե ինչ հերթականությամբ են ենթական բավարարման ժառանգական գույքի հաշվին գույքային պահանջ ներկայացնող անձանց պահանջները:
Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1242 հոդվածի՝ ժառանգական գույքի հաշվին, մինչև այն ժառանգների միջև բաժանելը, ժառանգության հետ կապված ծախսերը պետք է հատուցվեն հետևյալ հերթականությամբ.
Առաջին հերթին հատուցվում են մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետևանքով առաջացած և ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար ծախսերը,
Երկրորդ հերթին հատուցվում են ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը պահպանելու և կառավարելու, ինչպես նաև կտակը կատարելու հետ կապված ծախսերը:
Երրորդ հերթին բավարարվում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները,
Չորրորդ հերթին բավարարվում են պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների պահանջները,
Հինգերորդ հերթին հատուցվում են կտակային հանձնարարությունը կատարելու հետ կապված ծախսերը:
Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջներն ամբողջությամբ բավարարվելուց հետո: Վերոնշյալ հատուցման հետ կապված ծախսերը մարելուց հետո մնացած գույքը ենթակա է բաժանման ժառանգների միջև: