Ինչպիսի՞ն է ժառանգության վկայագիր տալու կարգը
Որպեսզի ժառանգատուի մահից հետո նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվի այլ անձի, նախ պետք է ժառանգի կողմից կատարվի ժառանգության ընդունում: Ժառանգը ժառանգությունն ընդունելու համար դիմում է համապատասխան նոտարական գրասենյակ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը: Ժառանգը ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում ներկայացնում է ժառանգության բացման պահից հաշված վեցամսյա ժամկետում (ՀՀ Քաղ. օր, 1227 հոդվ.): Ի հավաստում ժառանգության ընդունման փաստի՝ նոտարը ժառանգին է հանձնում ժառանգության վկայագիր:
Ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու դեպքում նոտարը ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը և վայրը, ազգակցական հարաբերությունները կամ կտակի առկայությունը, ժառանգության զանգվածի կազմը և այլն:
Մինչև ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալը նոտարը պարզում է նաև ժառագությունում պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձանց շրջանակը, եթե այդպիսիք կան՝ նախազգուշացնելով ըստ կտակի ժառանգներին օրինական ժառանգների գոյությունը թաքցնելու համար պատասխանատվության մասին («Նոտարիատի մասին» ՀՀ օրենք, 63 հոդված, 1,2 մաս):
Ինչպես արդեն նշվեց, նոտարը, նախքան ժառանգության վկայագիր տալը, ստուգում է ժառանգատուի հետ ժառանգի ունեցած ազգակցական կապը, ինչի վերաբերյալ ապացույցները ներկայացնելու պարտականությունը կրում է ժառանգությունն ընդունել ցանկացող անձը: Այս հարցի առնչությամբ պետք է նկատի ունենալ մի կարևոր հանգամանք, որ եթե մեկ կամ մի քանի ժառանգներ զրկված են օրինական ժառանգության իրավունք տվող ազգակցական կապի մասին ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, ապա նրանք կարող են ներառվել ժառանգության իրավունքի վկայագրում՝ մնացած բոլոր ժառանգների գրավոր համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատական կարգով: