Ինչպե՞ս վարվել այն դեպքերում, երբ պարտապան հանդիսացող անձը մահանում
Իր պարտապանի մահվան մասին իմանալուն պես պարտատերն իրավունք ունի օրենքում նշված անձանց գրավոր ներկայացնելու իր պահանջները: Պարտատերերը իրենց գույքային պահանջները կարող են ներկայացնել ժառանգության բացման պահից սկսած: ՀՀ Քաղաքացիական օրենսդրությունը սահմանում է, որ ժառանգատուի պարտատերն իրավունք ունի ժառանգության բացման օրվանից հետո վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները (ՀՀ քաղ. օր. 1243 հոդվ.): Նշենք, որ այդ ժամկետի բացթողնումը հանգեցնում է պարտատերերի իրավունքների կորստի:
Քանի որ ժառանգման կարգով փոխանցվում են ժառանգատուի ոչ միայն իրավունքները, այլև պարտականությունները, ապա պարտատիրոջ պահանջները ժամանակին ներկայացնելն ունի կարևոր նշանակություն: Տվյալ դեպքում պարտատերերի կողմից ներկայացված պահանջները կդիտվեն որպես պարտապանի պարտավորություն և կմտնեն ժառանգության զանգվածի մեջ: Պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգներին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում՝ ժառանգության բացման վայրի նոտարին: