Ինչպե՞ս է կազմվում կտակը
Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսդրության կտակը կազմվում է գրավոր, երկու օրինակից: Կտակի մեջ նշվում է այն կազմելու վայրը և ժամանակը, այնուհետև ստորագրվում է կտակարարի (այն կազմող անձի կողմից): Կտակը պետք է կազմվի այնպես, որպեսզի տարամեկնաբանությունների առիթ չտա և լինի ընթեռնելի: Կտակը գրելիս կամ այն գրի առնելիս /այլ անձի կողմից/ օրենքը թույլատրում է կիրառել տեխնիկական միջոցներ` համակարգիչ, գրամեքենա և այլն: Որպեսզի գույքի տնօրինման վերաբերյալ կարգադրությունը համարվի կտակ, այն պարտադիր կարգով պետք է վավերացված լինի նոտարի կողմից, հակառակ դեպքում չի առաջացնի որևէ իրավական հետևանք: Նոտարի կողմից կտակը վավերացնելու կարգը սահմանված է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով, որի 56 հոդվածը սահմանում է, որ նոտարը վավերացնում է գործունակ անձանց կտակները: Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ մի կարևոր հանգամանք, որ կտակարարը իր կողմից կազմված կտակը վավերացնելու համար այն անձամբ պետք է ներկայացնի նոտարին: Ասվածից հետևում է, որ ներկայացուիչների միջոցով կտակների վավերացում չի թույլատրվում: Կազմված կտակի մեկ օրինակը՝ նոտարի կողմից կատարված համապատասխան նշումով, պահվում է նոտարական գրասենյակում: Կտակը վավերացնելիս նոտարն իրավունք չունի կտակարարից պահանջել, որպեսզի վերջինս ներկայացնի կտակվող գույքի նկատմամբ նրա սեփականության կամ այլ իրավունքը հաստատող ապացույցներ: Կտակում նշված գույքը կտակարարին պատկանելու հանգամանը չստուգելը պայմանավորված է նրանով, որ հաճախ կտակը կազմելու և կտակարարի մահվան միջև անցնում է որոշակի ժամանակահատված, ինչի ժամանակ հնարավոր է, որ կտակը կազմելու օրը կտակարարին պատկանած գույքը նրա կենդանության օրոք սեփականության իրավունքով անցնի այլ անձի տիրապետմանը կամ պարզապես ոչնչանա, և այլն: Այստեղ կարևորը գույքը կտակարարին նրա մահվան պահին պատկանելու հանգամանքն է, ինչն էլ ապացուցելու պարտականությունը դրվում է ըստ կտակի ժառանգի վրա: