Ինչ է ժառանգության տրանսմիսիան
Հաճախ կյանքում պատահում է այնպես, որ ժառանգ հանդիսացող անձը ժառանգատուի մահից հետո, չհասցնելով օրենքով նախատեսված ժամկետներում ընդունել ժառանգությունը, կամ այլ կերպ արտահայտել ժառանգության ընդունման վերաբերյալ իր կամքը, ինքը ևս մահանում է: Տվյալ դեպքում տեղի է ունենում ժառանգության տրանսմիսիա: Ժառանգության տրանսմիսիան մահանալու պատճառով ժառանգությունը չընդունած ժառանգի՝ ժառանգելու իրավունքի փոխանցումն է ըստ օրենքի նրա ժառանգներին: Ընդ որում ժառանգության տրանսմիսիայի կանոնները կիրառվում են ևԲ ըստ օրենքի, ևԲ ըստ կտակի ժառանգման դեպքերում:
Բացատրենք օրինակով.
Քաղաքացի Մելքոնյանի մահից երեք ամիս անց մահանում է նրա կինը՝ քաղաքացի Գրիգորյանը: Ամուսինները չունեն զավակներ: Ժառանգական գույքը ձեռք չի բերվել համատեղ կյանքի ընթացքում, հետևաբար չի համարվում համատեղ սեփականություն և այն սեփականության իրավունքով պատկանում է միայն ամուսնուն: Քանի որ ըստ օրենքի առաջին հերթի ժառանգներ համարվող անձանցից (մահացածի ամուսին, ծնող, զավակ) ժառանգության բացման պահին կենդանի է միայն ժառանգատու Մելքոնյանի կինը, հետևաբար նա էլ հանդիսանում է վերջինիս ժառանգը: Անսպասելի մահվան պատճառով, սակայն, ժառանգատուի կինը չի հասցնում ընդունել ժառանգությունը, սակայն այն հանգամանքը, որ սկզբնապես նա է համարվել ժառանգատու Մելքոնյանի ժառանգը և ժառանգության ընդունումը անհնարին է դարձել անսպասելի մահվան պատճառով, հետևաբար ժառանգության են կանչվում ոչ թե Մելքոնյանի երկրորդ հերթի ժառանգները ( մահացածի քույրերն ու եղբարները) այլ նրա կնոջ երկրորդ հերթի ժառանգները (կնոջ առաջին հերթի ժառանգները ևս կենդանի չեն): Այսպիսով, քաղաքացի Մելքոնյանի մահից հետո նրա գույքը ժառանգելու իրավունք են ձեռք բերում նրա կնոջ երկրորդ հերթի ժառանգները:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1227 հոդվածի երրորդ մասը սահմանում է՝ այն անձինք, որոնց համար ժառանգելու իրավունքն առաջանում է միայն այլ ժառանգների կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում, կարող են ժառանգությունը ընդունել օրենքով նախատեսված վեցամսյա ժամկետն ավարտվելու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում:
Այսինքն՝ մեր կողմից բերված օրինակում քաղաքացի Մելքոնյանի կնոջ ժառանգները ժառանգությունն ընդունելու վերաբերյալ նոտարական գրասենյակ դիմում կարող են ներկայացնել քաղաքացի Մելքոնյանի մահվան օրվանից վեց ամիսը լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում:
Պետք է նկատի ունենալ, որ եթե ժառանգությունը ընդունել չհասցրած ժառանգը պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգն է, ապա նրա մահվան դեպքում ժառանգության տրանսմիսիայի կանոնները չեն կիրառվում, պարտադիր բաժնի իրավունքը չի փոխանցվում: