Ի՞նչ պետք է հասկանալ ժառանգության զանգված ասելով
Ժառանգության զանգվածն այն ամենն է, ինչը կենդանության օրոք պատկանել է մահացածին և պահպանվել նրա մահից հետո: Այն կարող է իրենից ներկայացնել շարժական կամ անշարժ գույք, դրամ, արժեթղթեր, գույքային իրավունքներ և պարտավորություններ, որոնք չեն դադարում նրա մահվամբ և կարող են փոխանցվել նրա ժառանգներին:
Ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում և ժառանգման կարգով չեն փոխանցվում ժառանգատուի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտականությունները, մասնավորապես՝
• ալիմենտային պարտավորություններով իրավունքները և պարտականությունները,
• քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը,
• անձնական ոչ գույքային իրավունքները և ոչ նյութական բարիքները,
• այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում օրենքով:
Ժառանգական զանգվածի մեջ են մտնում, հետևաբար ժառանգման առարկա են հանդիսանում և ժառանգներին են փոխանցվում ոչ միայն ժառանգատուի սեփականությունը համարվող գույքը (բնակարան, մեքենա, կենցաղային իրեր, դրամ և այլն), այլև նրա գույքային իրավունքները և պարտավորությունները: Ժառանգատուն իր կենդանության օրոք կարող է կնքած լինել մի շարք գործարքներ և այլ անձանց հետ հարաբերություններում հանդես գալ որպես պարտատեր կամ պարտապան:
Ժառանգատուի պարտավորություններով պահանջները ենթակա են բավարարման ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի արժեքի սահմաններում, և դրանք բավարարելու պարտավորությունը ժառանգատուի ունեցած գույքի հետ միասին փոխանցվում է այն ժառանգներին, ովքեր ընդունել են ժառանգությունը: Եթե ժառանգման ենթակա գույքը բաժանվել է մի քանի ժառանգների, ապա ժառանգներից յուրաքանչյուրը ժառանգատուի պարտավորությունների համար համապարտ պատասխանատվություն է կրում ժառանգության՝ իր ստացած բաժնի արժեքի սահմաններում:
Այսպիսով, ժառանգության զանգվածն իրենից ներկայացնում է ժառանգատուի մահվան պահին գոյություն ունեցող իրավունքների և պարտականությունների ամբողջությունը, որոնք իրենց բնույթով ժառանգման կարգով կարող են փոխանցվել այլ անձանց: