menu
person
Ի՞նչ կարգով է կատարվում կտակային հանձնարարությունը


Կտակային հանձնարարության առկայության դեպքում հաճախ հարց է առաջանում՝ ինչպես վարվի ժառանգը, որին ժառանգությամբ հասած գույքի արժեքը չի թույլ տալիս, որպեսզի ժառանգն ամբողջությամբ կատարի իր վրա դրված կտակային հանձնարարությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ ժառանգը, ում վրա դրվել է կտակային հանձնարարության կատարումը, պետք է այն կատարի իրեն անցած ժառանգական գույքի արժեքի սահմաններում: Եթե կտակային հանձնարարություն է դրված այն անձի վրա, ով պարտադիր բաժնի իրավունք ունի, ապա կտակային հանձնարարություն կատարելու նրա պարտականությունը սահմանափակվում է նրա պարտադիր բաժնի չափը գերազանցող նրան անցած ժառանգության արժեքով:
Բացատրենք օրինակով.
Քաղաքացի Վարդանյանը թողել է կտակ, համաձայն որի, իր մահից հետո իրեն պատկանող բեռնատար մեքենան ժառանգելու է իր յոթանասունամյա հայրը: Միևնույն ժամանակ, ըստ կտակում արված կտակային հանձնարարության, Վարդայանի հայրը պարտավորվում է դրա արժեքից կտակարարի ավագ որդուն հանձնել 2.5 միլիոն դրամ՝ որդու պարտքերը մարելու նպատակով: Բեռնատար մեքենայի արժեքն ըստ գույքի գնահատման կազմում է 3 միլիոն դրամ: Այժմ, որպեսզի պարզենք, թե ինչ չափով է ժառանգը կրում պարտականություն կտակային հանձնարարությունը կատարելու համար, անհրաժեշտ է նախ պարզել, արդյո՞ք նա հանդիսանում է պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձ և եթե այո, ապա ո՞րքան է կազմում նրան պարտադիր բաժնի իրավունքով անցող գույքի արժեքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1194 հոդվածի ուժով Վարդանյանի հայրը պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգ է (լրացել է նրա վաթսուն տարին), ինչը նշանակում է, որ նա իրավունք ունի ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգման դեպքում: Քանի որ Վարդանյանի առաջին հերթի ժառանգներից կենդանի է միայն նրա հարը և որդին, ուրեմն հենց այդ երկուսն էլ հրավիրվելու էին ժառանգության, եթե չլիներ կտակը: Եթե գույքի ժառանգումն իրականացվեր ըստ օրենքի ժառանգման կանոններով, ապա ժառանգատուի հայրը ժառանգական գույքի նկատմամբ կունենար բաժին, ինչի արժեքը կկազմեր 1.5 մլն դրամ (բեռնատար մեքենան կհամարվեր ժառանգատուի որդու և հոր համատեղ սեփականությունը՝1/2 բաժիններով: Մեքենայի արժեքը 3 մլն է, հետևաբար յուրաքանչյուրի բաժինը կլիներ 1.5 մլն. դրամ): Այն դեպքում, երբ կտակը կազմվեր ոչ թե ժառանգատուի հոր, այլ նրա որդու անվամբ, ապա միևնույն է ժառանգատուի հայրը կհամարվեր պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձ (քանի որ լրացել է 60 տարին) և կստանար այն բաժնի առնվածն կեսը, որը նա կստանար ըստ օրենքի ժառանգման դեպքում: Այսինքն արդեն իսկ մեր կողմից հաշվարկված իր բաժնի 1.5 մլն-ի կեսը՝ 750 հազար դրամ:
Որպեսզի որոշենք, թե կտակային հանձնարարության կատարման համար ժառանգատուի հայրը ինչ արժեքի չափով է կրում պարտականություն, կտակով իրեն հասած ժառանգական գույքի արժեքից (3 մլն դրամը) որպես պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգ հանում ենք նրա պարտադիր բաժնի արժեքը (750 հազար դրամ): Արդյունքում ստացվում է այն գումարը, ինչի սահմաններում ժառանգը կրում է կտակային հանձնարարությունը կատարելու պարտավորությունը (2 մլն. 250 հազար դրամ):
Փաստորեն, նշված օրինակում ժառանգը ժառանգատուի որդուն կվճարի ոչ թե 2.5 մլն դրամ, այլ 2 մլն 250 հազար դրամ: Մնացած 250 հազար դրամի համար ժառանգը որևէ պարտավորություն չի կրի:
Այն դեպքում, երբ կտակային հանձնարարության կատարումը դրված է մի քանի ժառանգների վրա, ապա ժառանգներից յուրաքանչյուրը պարտավոր է ժառանգական գույքից իրեն հասած բաժնին համաչափ կատարելու այն, եթե այլ բան նախատեսված չէ կտակով:
Այն դեպքում, երբ ինչ-ինչ պատճառներով ժառանգներից մեկի բաժինը ժառանգում են մյուս ժառանգները, ապա տվյալ ժառանգի վրա դրված կտակային հանձնարարությունը կատարվում է այն ժառանգի կողմից, ով (ովքեր) ժառանգել են այդ գույքը:
Օրենքը միևնույն ժամանակ սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր կտակային հանձնարարությունը կատարելու պահանջով դատարան դիմելու իրավունք ունեն: Դրանք են՝
• կտակակատարը,
• ժառանգները,
• շահագրգիռ անձինք:
{ top: 0 !important; } .skiptranslate { display: none; height: 0; } .language__img { cursor: pointer; }