Ի՞նչ է պարտադիր բաժնի իրավունքը և ովքե՞ր ունեն այդպիսի իրավունք
Ինչպես արդեն նշվել է, գույքի սեփականատերն ազատ է կտակի միջոցով իր գույքը տնօրինելու հարցում: Սա նշանակում է, որ ժառանգատուն կարող է իր գույքն ամբողջությամբ կամ դրա մի մասը կտակել ինչպես ըստ օրենքի ժառանգ հանդիսացող, այնպես էլ դրա շրջանակից դուրս գտնվող անձի կամ անձանց: Սակայն, կտակարարի այս իրավունքը ինչ-որ չափով սահմանափակված է օրենքով:
ՀՀ քաղ. օրենսգիրքը սահմանում է ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը: Համաձայն ՀՀ քաղ. օր. 1194 հոդվածի առաջին մասի՝ պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում:
Պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի՝
• անչափահաս երեխաները,
• չափահաս հաշմանդամ երեխաները,
• անգործունակ ճանաչված երեխաները,
• 60 տարեկան դարձած երեխաները,
• 60 տարեկան դարձած ամուսինը,
• 60 տարեկան դարձած ծնողները:
Նշված անձանց թիվը սպառիչ է և, հետևաբար, պարտադիր բաժնի իրավունքից չեն կարող օգտվել ըստ օրենքի երկրորդ և երրորդ հերթի ժառանգները: Պարտադիր բաժնի իրավունքը ստանալու համար կտակում նշված ժառանգների համաձայնությունը չի պահանջվում: Այսինքն, ցանկացած պարագայում, երբ ժառանգատուի ըստ օրենքի առաջին հերթի ժառանգների շարքում գոյություն ունեն նշված անձինք, ապա կտակի առկայության դեպքում, եթե նրանք կտակում որպես ժառանգներ նշված չեն, պարտադիր հրավիրվում են ժառանգության և ժառանգում գույքի այն մասի առնվազն կեսը, որը նրանք կժառանգեին որպես առաջին հերթի ժառանգ, եթե չլիներ համապատասխան կտակը: