Ի՞նչ է կտակային հանձնարարությունը
Կտակային հանձնարարությունը կտակում նշված ժառանգների կամ դրանց մի մասի համար որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալու վերաբերյալ կտակարարի կողմից արված կարգադրությունն է: Որոշակի գործողություններ կատարելու կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալու վերաբերյալ կտակարարի կողմից արվող կարգադրությունը ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն անվանել է կտակային հանձնարարություն:
Այսպես, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1213 հոդվածի՝ կտակարարն իրավունք ունի ըստ կտակի մեկ կամ մի քանի ժառանգների հանձնարարել ժառանգության հաշվին կատարել որևէ պարտավորություն (կտակային հանձնարարությանու) հօգուտ մեկ կամ մի քանի անձանց (շահառուների), որոնք իրավունք ունեն պահանջել կատարելու պարտականությունները:
Օրինակ, կտակարարը կարող է իր կտակում նախատեսել կտակային հանձնարարություն, համաձայն որի, կտակում նշված անձը (ժառանգը) պետք է սեփականության իրավունքով իրեն անցնող ժառանգական գույքը որոշակի ժամկետով (կամ անորոշ ժամկետով) անհատույց օգտագործման հանձնի ժառանգատուի նշած անձին (օրինակ՝ ժառանգատուի հեռավոր ազգականին, ընկերոջը կամ հարևանին): Մեկ այլ դեպքում, օրինակ, կտակարարը կարող է կտակում նշել, որ կտակում նշված ժառանգը պարտավոր է իրեն անցնող գույքի հաշվին գումար տրամադրել իր ազգականներից մեկին:
Ընդ որում, կտակարարը կարող է կտակում նախատեսել ժառանգների կողմից պարտավորությունը կատարելու ժամկետ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքը որևէ սահմանափակում չի նախատեսում այն անձի (անձանց) համար, ում օգտին ժառանգը պետք է կատարի որոշակի գործողություններ. նրանք կարող են լինել ինչպես ըստ օրենի ժառանգները, այնպես էլ այլ անձինք:
Տարամեկնաբանություններից խուսափելու համար օրենքը նաև նախատեսել է հնարավոր հանձնարարությունների բնույթը, որոնք կարող են արվել կտակարարի կողից:
Դրանք են.
1. ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը սեփականության իրավունքով շահառուին հանձնելը,
2. ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը օգտագործման իրավունքով շահառուին հանձնելը,
3. ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքային իրավունքը շահառուին փոխանցելը,
4. այլ գույք ձեռք բերելն ու նրան հանձնելը,
5. շահառուի համար որոշակի աշխատանքներ կատարելը,
6. շահառուին որոշակի ծառայություններ մատուցելը,
7. կտակարարին պատկանող կենդանները պահելը և խնամելը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում հատկապես նախատեսվում է բնակելի տարածության առթիվ կտակային հանձնարարություն տալու կտակարարի իրավունքը: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1213 հոդվածի 6-րդ մասի՝ կտակարարն իրավունք ունի պարտավորություն դնել այն ժառանգի վրա, որին անցնում է բնակելի տունը (բնակարանը), որպեսզի նա տունը կամ դրա որոշակի մասը տրամադրի այլ անձի (անձանց) ցմահ օգտագործման իրավունքով: Բնակելի տան (բնակարանի) ցմահ օգտագործման իրավունքն օտարելի ու անփոխանցելի է և չի անցնում շահառուի ժառանգներին:
Օրենքում նաև նշված է, որ շահառուին տրամադրված բնակելի տան ցմահ օգտագործման իրավունքը հիմք չէ այդ տանը նրա ընտանիքի անդամների բնակության համար, եթե այլ բան նախատեսված չէ կտակով: