Ի՞նչ ձևով է ընդունվում ժառանգությունը
Համաձայն ՀՀ քաղ. օր. 1226 հոդվածի՝ ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Այն դեպքում, երբ ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա նման դիմումի տակ ժառանգի ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձը:
Միևնույն ժամանակ օրենքը թույլ է տալիս ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով, պայմանով, որ լիազորագրում հատուկ նախատեսված լինի այն ընդունելու լիազորությունը: Ժառանգությունն ընդունելու համար դիմումը ժառանգի կողմից պետք է ներկայացվի ժառանգության բացման պահից վեցամսյա ժամկետում: Եթե վեցամսյա ժամկետում ժառանգը չի ընդունում ժառանգությունը, ապա նա կորցնում է ժառանգությունն ընդունելու իրավունքը: Սակայն, եթե ժառանգության ընդունման ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառներով (հիվանդություն, արտասահմանում գործուղման մեջ գտնվելը), ապա ժառանգի դիմումի հիման վրա այն կարող է երկարացվել դատական կարգով:
Այն դեպքում, երբ ժառանգելու իրավունքն այլ անձանց համար ծագում է ժառանգի կողմից ժառանգությունից հրաժարվելու դեպքում, ապա այդ անձինք կարող են ժառանգությունն ընդունել գոյություն ունեցող վեցամսյա ժամկետի մնացած մասի ընթացքում, իսկ եթե այն երեք ամսից պակաս է, ապա երեք ամսվա ընթացքում:
Իսկ այն անձինք, որոնց համար ժառանգելու իրավունքն առաջանում է միայն այլ ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում, կարող են ժառանգությունն ընդունել վեցամսյա ժամկետն ավարտվելու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում (Քաղ. օր. 1227 հոդվ. 2 և 3 մասեր): Սակայն, ինչպես արդեն ասվեց, նշված անձանց կողմից ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում, այն դատական կարգով կարող է երկարացվել:
Համաձայն քաղ. օր 1226 հոդվածի, ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում նաև այն դեպքոմ, երբ ժառանգը, առանց նոտարին դիմելու կամ մինչև նոտարին դիմելը, սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը ա/ միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու համար, բ/ իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, գ/ իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
Պրակտիկայում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ որպես բնակարանի սեփականատեր հանդիսացող ընտանիքի անդամի մահից հետո, մահացածի ժառանգ կամ ժառանգներ հանդիսացող ընտանիքի անդամները չեն դիմել նոտարին և չեն ստացել ժառանգության վկայագիր, բնակարանը շարունակում է հաշվառված մնալ որպես ժառանգատուի սեփականությունն այն դեպքում, երբ նշված հոդվածի իմաստով, ժառանգությունն արդեն իսկ ընդունված է ժառանգների կողմից: Այդ ժառանգները բնակարանը որպես իրենց սեփականություն կադաստրի մարմնում գրանցել տալու համար, անկախ ժառանգության բացման ժամկետից, կարող են դիմել նոտարին և ստանալ ժառանգության վկայագիր, որը հիմք կհանդիսանա կադաստրի մամիններում բնակարանի սեփականատիրոջ անվանափոխություն կատարելու համար:
Նոտարին դիմելու վեցամսյա ժամկետը բաց թողնված լինելու դեպքում, նոտարները հաճախ հրաժարվում են ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելը ժառանգությունը փաստացի ընդունած ժառանգին: Նման դեպքերում ժառանգը կարող է դատարան դիմել և դատարանով ճանաչվել ժառանգությունը ընդունած ժառանգ: