Հնարավո՞ր է ժառանգությունն ընդունել սահմանված ժամկետի ավարտից հետո
Օրենքը, ինչպես բազմիցս նշվել է սույն աշխատանքում, ժառանգության ընդունման համար սահմանել է վեցամսյա ժամկետ, ինչը բաց թողնելու դեպքում ժառանգը համարվում է ժառանգությունը չընդունած: Սակայն «Նոտարիատի մասին» օրենքի 62-րդ հոդվածը հնարավոր է համարում ժառանգության ընդունումը սահմանված ժամկետը բաց թողնելու պարագայում, եթե առկա է ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգների գրավոր համաձայնությունը: Ժառանգների նման համաձայնությունը հիմք է նոտարի՝ նախկինում տված ժառանգության վկայագիրը չեղյալ համարելու և նոր վկայագիր տալու համար:
Ասվածից հետևում է, որ վեցամսյա ժամկետը բաց թողնելու պարագայում ժառանգությունը չընդունած անձը կարող է ընդունել ժառանգությունը, եթե առկա է նույն հերթի գոնե մեկ ժառանգ, որը վեցամսյա ժամկետում ընդունել է ժառանգությունը և տալիս է իր գրավոր համաձայնությունը՝ ժառանգությունը չընդունած ժառանգի կողմից այն ընդունելու կապակցությամբ: Հակառակ դեպքում ժառանգման են հրավիրվում մյուս հերթի ժառանգները, իսկ դրանց բացակայության դեպքում, կամ եթե ժառանգությունը չընդունվի օրենքով նախատեսված չորս հերթի ժառանգներից և ոչ մեկի կողմից, գույքը կդիտվի անժառանգ գույք և կտնօրինվի ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1224 հոդված կանոններով :
Պետք է նկատի ունենալ, որ ժառանգությունը չընդունած ժառանգի կողմից այն ընդունելու համար պահանջվում է ժառանգությունն ընդունած բոլոր ժառանգների գրավոր համաձայնությունը: Օրենքի նշված պահանջը տրամաբանական է, քանի որ ժառանգությունը չընդուանծ ժառանգի կողմից ժառանգության իր բաժինը ընդունելու դեպքում արդեն իսկ փոխվում է այն սահմանված ժամկետում ընդունած ժառանգների մասնաբաժինը (այն նվազում է): Այդ պատճառով, եթե ժառանգությունն ընդունած ժառանգներից թեկուզ և մեկը չի տալիս իր համաձայնությունը, ապա վեցամսյա ժամկետը բաց թողած անձը զրկվում է այն ընդունելու իր իրավունքից: Խոսքը չի վերաբերում այն դեպքերին, երբ առկա են ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու հանգամանքներ, որի դեպքում բաց թողնված ժամկետը վերականգնվում է և տեղի է ունենում ժառանգության զանգվածի վերաբաշխում: