menu
person
Արդյո՞ք ժառանգելու իրավունք ունեն որդեգրողներն ու որդեգրվածները


Համաձայն ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 126 հոդվածի առաջին մասի՝ որդեգրված երեխաներն ու նրանց սերունդը որդեգրողների և նրանց ազգականների նկատմամբ, իսկ որդեգրողներն ու նրանց ազգականները որդեգրված երեխաների ու նրանց սերնդի նկատմամբ իրենց անձնական ոչ գույքային ու գույքային իրավունքներով ու պարտականություններով հավասարեցվում են ծագումով ազգականներին: Այսինքն, որդեգրողի մահից հետո որդեգրվածները ժառանգատուի հարազատ զավակների հետ հավասար պայմաններով հրավիրվում են որպես ժառանգներ:
Միևնույն ժամանակ պետք է նշել, որ որդեգրման պահից որդեգրվածներն իրենց ծնողների (ազգականների) նկատմամբ կորցնում են անձնական ոչ գույքային և գույքային իրավունքները և ազատվում պարտականություններից: Այսինքն, որդեգրման դեպքում, որդեգրվածը կորցնում է իր ֆիզիոլոգիական ծնողների գույքը ժառանգելու իրավունքը: Ֆիզիոլոգիական ծնողներն էլ իրենց հերթին չեն կարող ժառանգել վերջինիս գույքը:
Սակայն պետք է նշել, որ ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը սահմանում է նորմ, համաձայն որի երեխային մեկ անձի կողմից որդեգրելիս անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներն ու պարտականությունները կարող են պահպանվել մոր ցանկությամբ, եթե որդեգրողը տղամարդ է, կամ հոր ցանկությամբ, եթե որդեգրողը կին է: Փաստորեն, այս դեպքում այն ծնողը, որի ցանկությամբ պահպանվել են իր երեխայի նկատմամբ անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներն ու պարտականությունները, հանդիսանում է ժառանգ և, համապատասխանաբար, երեխան ևս հանդիսանում է տվյալ ծնողի ժառանգը:
Բացատրենք օրինակով.
Տասներկուամյա Զ-ի ֆիզիոլոգիական ծնողներն են Վ-ն և Տ-ն, որոնք իրենց երեխային հանձնել են մանկատան խնամքին, երբ վերջինս եղել է ութ տարեկան: Երեխային տարիներ անց որդեգրում է քաղաքացի Մ-ն: Քանի որ երեխան որդեգրվում է մի անձի կողմից, որն էլ տղամարդ է, օրենքը հնարավորություն է տալիս երեխայի ֆիզիոլոգիական մորը համձայնության առկայության պարագայում պահպանելու իր որդու նկատմամբ գույքային և անձնական ոչ գույքային իրավունքները և պարտականությունները: Նման համաձայնության առկայության և որդեգրման փաստի վերաբերյալ դատարանի վճռում համապատասխանաբար ամրագրման պարագայում երեխայի ֆիզիոլոգիական մայրը պահպանում է հետագայում իր որդու, իսկ որդին էլ՝ իր մոր ժառանգը լինելու իրավունքը:
Այն դեպքում, երբ երեխան որդեգրվեր որևէ կնոջ կողմից, երեխայի հետ գույքային և անձնական ոչ գույքային իրվունքները պահպանելու հնարավորություն կընձեռնվեր երեխայի ֆիզիոլոգիական հորը:
Պետք է նաև նշել, որ որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ պահպանելու մասին նշվում է երեխային որդեգրելու մասին դատարանի վճռի մեջ, ինչն էլ հետագայում հիմք է ծառայում ժառանգության ընդունման համար, այլապես, որդեգրման փաստն արդեն իսկ վկայում է երեխայի և ֆիզիոլոգիական ծնողների միջև գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների և պարտականությունների դադարման մասին:
{ top: 0 !important; } .skiptranslate { display: none; height: 0; } .language__img { cursor: pointer; }