Արդյո՞ք ժառանգելու իրավունք ունեն մահացածի խորթ զավակները
Նախքան նշված հարցին անդրադառնալը, պարզենք, թե ովքեր են համարվում խորթ զավակներ և խորթ ծնողներ: Խորթ զավակ է համարվում այն անձը, որ ծնվել է քաղաքացու ամուսնու (կնոջ) նախորդ ամուսնությունից, որն ապրել է իր հետ համատեղ, նույն հարկի տակ, և ում դաստիարակությամբ զբաղվել է ինքը:
Խորթ զավակները խորթ հոր և խորթ մոր մահից հետո չեն ժառանգում: Խորթ հայրն ու մայրն էլ իրենց հերթին ըստ օրենքի ժառանգ չեն համարվում իրենց խորթ զավակների մահից հետո: Նրանք կարող են ըստ օրենքի ժառանգ լինել, եթե որպես անաշխատունակներ մահացածի խնամքի տակ են գտնվել նրա մահվանից առաջ ոչ պակաս, քան մեկ տարի:
Փաստորեն, խորթ ծնողի և խորթ զավակի մեջ բացակայում է արյունակցական կապը, ինչը և բացառում է նրանց կողմից գույքը ժառանգելու հնարավորությունը:
Նկատի պետք է ունենալ, որ այստեղ խորթ լինելը կիրառվում է այն դեպքում, եթե տեղի չի ունեցել որդեգրում: